ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
11 Օգոստոսի 2021

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում (տեսանյութ, լուսանկարներ)  

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում (տեսանյութ, լուսանկարներ)   

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ  Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից  հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների:

Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու  սահմանված կարգով ստորագրեցին այն: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգեց խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը.

«Հարգելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, քանզի դուք երդվեցիք պատվով և անձնվիրաբար շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվեցիք լինելու երաշխավորը հայրենյաց սահմանների անառիկության, երդվեցիք լինելու կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև»:

Հրամանատարը, դիմելով նորակոչիկների ծնողներին, ցանկություն հայտնեց, որ նրանց որդիները, երկու տարի կատարելով իրենց պարտքը հայրենիքի առաջ, վերադառնան իրենց օջախներ և շենացնեն հայրենիքը.

«Միաժամանակ ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ձեր զավակները այս երկու տարիների ընթացքում կլինեն մեր հոգածության և հոգատարության ներքո, և պատվով ու հպարտությամբ կկրեն սահմանապահի համազգեստը»:

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպեցին նորակոչիկների և նրանց ծնողների հետ: